ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը։
«Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։ Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ ավելի վաղ հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։