ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Մակունցը ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, օգոստոսի 2-ին նշանակվեց ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։
ԱՄՆ դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։
Օգոստոսի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մակունցին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհվեց։