ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատել է բարոնուհու ներդրած ջանքերը միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշտապես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:
Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:
Քերոլայն Քոքսը Գարեգին Բ–ին խորին շնորհակալություն է հայտնել նման բարձր պատվի արժանացնելու համար:
Բարոնուհին հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին: