ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Արցախի թեման քննարկել է Ֆրենկ Փալոնի հետ

Մակունցը Ֆրենկ Փալոնին մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ
Ըստ հաղորդագրության` Մակունցն իր երախտագիտությունն է հայտնել մշտական աջակցության և հայկական հարցերը Կոնգրեսի ուշադրությանը հրավիրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Դեսպանը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:
Այդ կապակցությամբ նա ընդգծել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, օգոստոսի 2-ին նշանակվեց ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։
ԱՄՆ դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։
Օգոստոսի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մակունցին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհվեց։