ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Facebook-ում ֆլեշմոբ են կազմակերպել, որով պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ ու մասշտաբային միջոցառումը»։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, գրել է․ «Ես` հերոս Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»։
Նման տեքստերով հանդես են եկել տասնյակ այլ հարազատներ։
Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի հարազատներից մեկը` Լալա Վարդանյանը, գրել է, որ դատապարտում է բոլորին, ովքեր կմասնակցեն միջոցառմանը։
Օլյա Մարգարյանն առաջարկել է այդ օրը հրապարակ գնալու փոխարեն հավաքվել Եռաբլուրում։
Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասվում է «գունագեղ ու մասշտաբային միջոցառում»՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։ Նա նշեց, որ միջոցառումը նախևառաջ նվիրվելու է Հայաստանի անկախության և Արցախի համար զոհված նահատակների հիշատակին։ Վարչապետի խոսքերը քննադատությունների տեղիք տվեցին։