Ռուս խաղաղապահները Մարտունիում 180 հեկտար տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից

Արցախում ականազերծման ենթարկված համայնքները գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ավելի քան 180 հա տարածք են մաքրել:
«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն գյուղին հարող տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հեկտար տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը։
Ղարաբաղում կյանքը եռում է. Մուրադովը` ռուս խաղաղապահների գործունեության մասին
2,5 ամսում մաքրվել և ականազերծվել է Մաճկալաշեն, Հերհան, Հերհեր, Կոլխոզաշեն գյուղերի ավելի քան 180 հեկտար տարածք։ Գյուղերը գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ:
 «Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել է 139 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել զորավարժարան՝ հետագայում դրանք ոչնչացնելու համար», - նշել է Խարիտոնովը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Արշակ Կարապետյանն ընդունել է Մուրադովին փոխարինող Միխայիլ Կոսոբոկովին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: