ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի շրջանակում կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Սուսաննա Տոնոյանը, որը ՀՀԿ Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ–ն։
Ըստ գործի նյութերի` Սուսաննա Տոնոյանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ «Պատիվ ունեմ»–ի օգտին քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում:
Այդ նպատակով Տոնոյանը վերը նշված անձանց, ինչպես նաև Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին առաջարկել, խոստացել և տրամադրել է ընդհանուր ավելի քան 800.000 դրամ կաշառք, որի մի մասը վերջինները պահել են իրենց, մնացածը բաժանել են ընտրողներին, յուրաքանչյուրին` 10 000-ական դրամ:
Սուսաննա Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալը) և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կաշառք տալու փորձը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Եվս 19 անձի, այդ թվում` Անահիտ Մարտիրոսյանին, Շարմաղ Հարությունյանին, Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին և Մանուշակ Սեդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի տարբեր մասերով:
Մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:
20 մեղադրյալներից 8-ի նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է։ 12 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:
Մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:
20 մեղադրյալներից 8-ի նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է։ 12 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: