Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև՝ կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ի շահ պետության և ժողովրդի: