ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենց կառույցն իշխանություններին առաջարկում է օտարերկրյա քաղաքացիներին որոշակի կարգավիճակ տրամադրել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու դիմաց։
Ըստ նրա` այս պրակտիկան լայնորեն տարածված է աշխարհում, օրինակ` Վրաստանում, Կիպրոսում, ԱՄԷ–ում։
«Այս մեխանիզմը կարող է նպաստել այն ներդրողների թվի ավելացմանը, որոնք Հայաստանում 50 կամ 100 հազար դոլարով բնակարան ձեռք կբերեն և փոխարենը կստանան կարգավիճակ` ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությամբ։ Այսօր ռեզիդենտ չհանդիսացող անձինք բանկային համակարգից օգտվելու հնարավորություն չունեն», – նշեց Սաքապետոյանը։
Ոչ ռեզիդենտները հիմա միայն գյուղատնտեսական հող գնելու իրավունք չունեն։ Ասոցիացիայի «գույքի դիմաց կարգավիճակ» առաջարկը վերաբերում է այն մարդկանց, որոնք վերջին 5-7 տարին ապրում են Հայաստանում, քանի որ աշխատում կամ սովորում են այստեղ. մարդիկ կկարողանան աշխատել, վարկեր վերցնել, արտոնյալ վիզա ստանալ։
«Նույն Բաթումը դրա հաշվին է կառուցապատվում», – նշեց Սաքապետոյանը։
Նրա խոսքով` անվտանգության առումով մտավախություն (օտարերկրացիների թվի կտրուկ ավելացում) չպետք է լինի։ Չէ՞ որ ցանկության դեպքում օտարերկրացիները կարող են անշարժ գույք ձեռք բերել նաև առանց նման ծրագրի։
Նշենք, որ կառուցապատողները նաև դեմ են Երևանում եկամտահարկի վերադարձման ծրագրի սահմանափակումներին` նշելով դրա ակնհայտ բացասական հետևանքները։