Ջարդում ու վերացնում է ծառերը․ «Ֆիզգորոդոկի» բնակիչները կրկին ահազանգում են. տեսանյութ

Բնակիչները պահանջում են անհապաղ կասեցնել ծառահատման աշխատանքները մինչև գործի քննության ավարտը:
Sputnik
Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչները կրկին ահազանգում են՝ այս անգամ ապօրենի ծառահատումների մասին։
«Շտապ․ հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունն այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթվել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը»,-հայտնում են բնակիչները։
Facebook–ի գրառմանը կից նրանք նաև իրենց խոսքերն ապացուցող տեսանյութ են հրապարակել, որում երևում է, որ հատուկ տեխնիկայի միջոցով  ծառերը վնասում են ու ջարդում են։
«Քաղաքապետարանը կապ չունի, նախկիններն են մեղավոր». «Ֆիզգորոդոկի» թեման շարունակվում է
Բնակիչները պահանջում են անհապաղ կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը:
Նշենք, որ «Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հաղորդագրությունում ասվում էր, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են։
Հիշեցնենք` հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել կառուցելու 12-հարկանի շենք։ Բնակիչները պայքարում են դրա դեմ։
Օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։
«Ֆիզգորոդոկի» հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից: