ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի -Sputnik. Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցում սկսվել է հայտնի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հոգեհանգստի արարողությունը:
Գործընկերոջը հրաժեշտ տալու էր եկել 85-ամյա Ալեն Դելոնը։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են հավաքվածները նրան ծափերով դիմավորում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Դելոնն ու Բելմոնդոն համարվել են մրցակիցներ, չնայած դերասանները հաճախ միասին են հանդես եկել։ Դելոնն ինքն ասել է, որ առանց Բելմոնդոյի Դելոն Դելոն չէր լինի, իսկ առանց Դելոնի Բելմոնդոն` Բելմոնդո։
Դելոնն ավելի վաղ ասել էր, որ շատ է ազդվել Բելմոնդոյի մահով։ «Նա իմ կյանքի մի մասն էր, մենք միասին ենք սկսել 60 տարի առաջ», - ասել է նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 6-ին՝ 88 տարեկանում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն՝ Բեբելը։ Այդ մականունով էին նրան դիմում ոչ միայն մտերիմները, այլև բոլոր ֆրանսիացիները։ «Ազգային ձեռքբերում». այսպես է դերասանին անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։