Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը բարձր է գնահատել դեսպանի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:
«Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր արդյունավետ աշխատանքի համար»,-ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը երախտագիտական նամակ է փոխանցել Լաքոտին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը:
Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ: Նա ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:
Հիշեցնենք` Ժոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր նշանակվել 2017թ.–ի սեպտեմբերի 11–ին։
Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Անն Լույոն։