ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի Ղվարել քաղաքում զինված չարագործը ներխուժել Է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակումը գրանցվել է տեղական ժամանակով 16։00-ին։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը եղել է մուգ կանաչ հագուստով, մուգ ակնոցով, ձեռքին՝ նռնակ։ Մի քանի հոգու հաջողվել է լքել բանկի շենքը։ Սակայն ներսում են մնացել բանկի երկու աշխատակիցները, որոնց չարագործը պատանդ է վերցրել։
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատայինները։ Պատանդների հարազատներին ու լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ շենքին։
Ուժային կառույցների աշխատակիցները կապ են հաստատել տղամարդու հետ, որը փրկագին է պահանջել մարդկանց ազատ արձակելու համար։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատանդներին այնուամենայնիվ հաջողվել է լքել շենքը։ Չարագործի հետ բանակցությունները շարունակվում են։
«Նա տարբեր գումարներ է ասում։ Այնպես որ հիմա նրա և իրավապահների միջև բանակցություններ են ընթանում։ Սպասենք արդյունքին։ Հիմա նա մենակ է բանկում», - ասել է Կախեթի նահանգապետ Իրակլի Շիոշվիլին։
Հիշեցնենք` վերջին շրջանում Վրաստանում հաճախակի են դարձել նմանատիպ հարձակումները։ 2020 թվականի հոկտեմբերին Զուգդիդում հարձակվել էին «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, նոյեմբերին կողոպտել էին նույն բանկի թբիլիսյան մասնաճյուղը: 2021 թվականի ապրիլին չարագործը Թբիլիսիի Հավլաբարի շրջանում հարձակվել էր «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա և պատանդ վերցրել 7 հոգու։