Հետպատերազմական Արցախում այսօր առավել քան երբևէ փոքր և միջին ներդրումների անհրաժեշտություն կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։
«Մենք տեսնում ենք, որ ուղիղ օտարերկրյա լայնածավալ ներդրումներ ակնկալելն իրատեսական չէ։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մասնագիտություններ, որոնք կարող են Արցախում զարգացնել, թող գան Արցախ ու այստեղ փոքր տնտեսություններ հիմնեն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեն»,- ասաց նա։
Թանդիլյանի խոսքով` Արցախում տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ կան. եկամտային հարկի տոկոսները ցածր են, փոքր և միջին ձեռնարկատերերից շահութահարկ չեն գանձում։
«Ճիշտ ժամանակն է մի կողմից որոշակի շահութաբերություն ապահովելու, մյուս կողմից տնտեսական զբաղվածությունն ակտիվացնելու, որովհետև մենք չենք ուզում Արցախում ունենալ հասարակություն, որը բացառապես կախված է սոցիալական աջակցություններից»,- նշեց նա։
Նախկին նախարարն Արցախում աշխատելու ընթացքում համոզվել է` արցախցիներն աշխատասեր ու օրինապահ մարդիկ են։ Պատրաստ են նաև անհրաժեշտության դեպքում վերապրոֆիլավորվել։