Ի՞նչ է կատարվել Արցախյան պատերազմում. սենսացիոն բացահայտումներ՝ «Փոթորիկ Կովկասում» գրքում

Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված վերլուծական ժողովածու է հրապարակել։ Ժողովածուում զետեղված մի շարք եզրակացություններն ու տեղեկությունները լիովին արժանի են սենսացիոն համարվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմն ու դրա հետևանքները դեռ երկար կմնան մասնագետների` զինվորականների, քաղաքագետների, տարածաշրջանագետների ուշադրության կենտրոնում։ 44-օրյա մարտական գործողությունները մանրակրկիտ վերլուծություն պահանջող մի շարք խնդիրներ են ի հայտ բերել։ Եվ ահա նման վերլուծություն անելու փորձ է ձեռնարկել ռուսական առաջատար ուղեղային կառույցներից մեկը` Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը։ Այն տնօրեն Ռուսլան Պետուխովի խմբագրմամբ «Փոթորիկ Կովկասում» վերլուծական ժողովածու է հրապարակել։ Գիրքը դեռ հասանելի է միայն PDF տարբերակով։ 
Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ
Գրքի հեղինակներն ուսումնասիրում են ինչպես պատերազմի արդյունքի վրա ազդած ռազմական և ռազմատեխնիկական կողմերը, այնպես էլ բարդ քաղաքական փոխկապակցվածությունը Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Առավել մեծ ուշադրության է արժանի ռազմական գործողությունների վերլուծությունը, դրանց կազմակերպումը, կողմերի մարտավարությունը, ստորաբաժանումների ներդաշնակվածության մակարդակը և այլն։
Ինքը՝ Պուխովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշում է, որ գիրքը գրելիս առանցքային խնդիրներից մեկը եղել է այն, որ թույլ չտան մոռանալ արցախյան վերջին պատերազմի դասերը։ Ըստ նրա` վերջին 30 տարվա, ընդ որում ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմական դասերը շատ շուտ մոռացության են մատնվում։ Եվ օրինակ Աֆղանստանում ձեռք բերված խորհրդային փորձը էապես կորսվել է Չեչնյայի մարտական գործողությունների ժամանակ։ Նույնը կարելի է ասել ամերիկացիների մասին, որոնք չեն կարողացել լիարժեք տարածել Վիետնամի փորձը աֆղանական արշավի վրա։
Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
«Նախ, մենք շատ կցանկանայինք, որ այս հակամարտությունն ապարդյուն չանցներ։ Ցավոք, առաջին կես տարվա ընթացքում մենք իրական իմաստավորում չտեսանք, մամուլում շատ էր աղմուկը։ Այդ պատճառով մենք ենք որոշել ստանձնել այս խնդիրը»,– հայտարարեց մեր զրուցակիցը։
Հանուն արդարության պետք է նշել, որ գրքում հեղինակների արված մի շարք եզրահանգումներն ու շարադրված տեղեկությունները կարող են սառը ցնցուղ դառնալ հայկական լսարանի համար։ Մամուլում արդեն իսկ որոշակի աղմուկ է բարձրացրել մի դրվագ. հոդվածի հեղինակը կենտրոնի աղբյուրներին հղում կատարելով պնդում է, որ պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈւ ՍՈւ-25 չորս գրոհային և մեկ ուղղաթիռ խոցել են հենց սեփական ՀՕՊ ուժերը։
Հեղինակը գրում է, որ հակամարտության ժամանակ հայկական ՌՕՈւ–ի և ՀՕՊ–ի միջև համակարգումը պատշաճ մակարդակի չի եղել։ Սեփական ուժերը կրակ են բացել և խոցել սեփական մինչև 5 թռչող սարք` 4 Սու–25 գրոհային և մեկ Մի-8 ուղղաթիռ, որոնցից երկու Սու-25-եր մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալու ժամանակ խոցվել են Ս-125 ԶՀՀ–ից Հայաստանի Վարդենիսի շրջանում և մեկը` Արցախի երկնքում` դյուրակիր զենիթահրթիռային համակարգից։
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Տեղեկությունը շատ «հետաքրքրական» է, հաշվի առնելով այն, որ մեզ ասում էին, որ առաջին և միակ պաշտոնապես ճանաչված կորած գրոհայինը խոցվել է պատերազմի երրորդ օրը թուրքական F-16 կործանիչի կողմից Գեղարքունիքի մարզում։ Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն ստանալ, ցավոք, մեզ չհաջողվեց։
Միևնույն ժամանակ Պուխովը նշում է զետեղված փաստերի հավաստիության բարձր մակարդակը, չնայած նրան, որ շատերին դրանք կարող են դուր չգալ։ Գրքի վրա աշխատելու ընթացքում կենտրոնի տնօրենը երեք անգամ Հայաստան է մեկնել և մեկ անգամ՝ Թուրքիա։ Ադրբեջան չի կարողացել այցելել բացառապես կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով։
«Ցավով պետք է նշեմ, որ հայ հասարակության մեծ մասը որևէ հետևություն չի արել այս պատերազմից։ Այն նախկինի պես անպատասխանատվության և թեթևամտության խառնուրդի վիճակում է»,– ասում է Պուխովը։
Նա մտավախություն ունի, որ եթե այդպես շարունակվի, նոր պատերազմի դեպքում, պատկերավոր ասած, նոր սահմանը կանցնի Ջերմուկի մերձակայքով։
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը
Ինչ վերաբերում է սեփական ինքնաթիռները խոցած ԶՈւ «բարեկամական կրակին», փորձագետի խոսքով, նման իրավիճակներ լինում են ամենուր և միշտ` Ռուսաստանի և Վրաստանի միջև նույն օգոստոսյան հակամարտության ժամանակ, երբ ռուսական ՀՕՊ–ը սխալմամբ խոցել էր սեփական Սու-25–երը։ Ամերիկացիները ևս չեն տարբերվել` «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ նրանք խոցում էին սեփական ինքնաթիռները և հրետանուց կրակում սեփական տանկերի վրա։
Հայկական կողմի հիմնական խնդիրը փորձագետը համարում է իմաստավորման բացակայությունը. կոպիտ ասած, մարդիկ չեն ցանկանում վատ նորություններ լսել։ Եթե որոշակի սթափեցում տեղի չունենա, մեծ խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի, կարծում է Պուխովը։
Արցախի պատերազմի արդյունքը կարելի է ոչ ոքի որակել. ռուս ռազմական փորձագետն ասել է` ինչու
Վերլուծաբանը համաձայն չէ այն պնդման հետ, թե Ռուսաստանը պատերազմի ժամանակ բավականաչափ ակտիվ չի օգնել հայկական կողմին։ Սակայն պետք է իրատես լինել և հասկանալ, որ Ռուսաստանը չէր կարող պատերազմել Հայաստանի փոխարեն։ Իր հնարավորությունների շրջանակում ՌԴ–ն արել է այն ամենը, ինչ կարող էր և նույնիսկ ավելին։