ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik․ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կուսակցության գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
«Այս պահին քննարկումներ են ընթանում ու շուտով կլինեն առաջադրումներ։ Սահմանված ժամկետում մենք կարտահայտենք մեր դիրքորոշումն ու ԿԸՀ կներկայացնենք համապատասխան փաստաթղթերը։ Դիտարկում ենք նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին նախանշված ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը, - ասաց նա։
Նշենք, որ Գորիսի՝ ներկայումս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանը ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով, որը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ։
Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս մասնակցության հայտ է ներկայացրել նշված համայնքների ՏԻՄ ընտրություններին։ Արդեն հայտնի է, թե կուսակցությունից ովքեր կգլխավորեն ընտրական ցուցակները։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները: