ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի Sputnik. Այսօր Երևանի Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից։
Նիստի սկզբում ներկաները հոտընկայս հարգել են արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակը:
Օլիմպիական քառամյա փուլում ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱՕԿ–ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայանը:
Լսելով և քննարկելով 2016–2020թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՕԿ –ի գործունեության մասին հաշվետվությունը, գլխավոր ասամբլեան, բավարար գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքները:
Համաժողովի մասնակիցները միաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ վերընտրեցին Գագիկ Ծառուկյանին. ի դեպ, նա այդ պաշտոնում ընտրվեց հինգերորդ անգամ:
ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Որոշ քննարկումից հետո ընտրվեց 15 հոգուց բաղկացած գործկոմի կազմը, իսկ երկարամյա փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը քվեարկությամբ դարձավ ՀԱՕԿ–ի պատվավոր փոխնախագահ:
Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր ՀԱՕԿ–ի պատվավոր նախագահ 92 ամյա Ալբերտ Ազարյանը: