Ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի ձերբակալության ու «չձերբակալության» ետևում. ԶԼՄ

Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից:
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է. պաշտպան
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Իսկ ինչո՞ւ հիմա սկսվեց Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը. ի վերջո մեղադրանքի ոչ մի դրվագ նոր չէ։
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը և պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:
Պարբերականը նշում է, որ առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Բանն այն է, որ վերջինիս հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, և, տարածված խոսակցությունների համաձայն, մինչև օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել և նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց:
Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն. պաշտպան
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, և Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են: ԲԴԽ նախագահը, սակայն, պարբերականի հարցին ի պատասխան նշել է, որ այդ դեպքի մասին մամուլից է տեղեկացել։