ՌԱԴԻՈ

Մարտահրավեր ՌԴ-ին. թուրք-ադրբեջանական զորավարժությունը վտանգավոր է ոչ միայն ՀՀ–ի համար

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների, դրանցից բխող սպառնալիքների մասին։
Sputnik
Թուրք-ադրբեջանական ցանկացած զորավարժություն իր մեջ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի և Ռուսաստանի Դաշնության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում մենք տեսանք, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի լիակատար աջակցությամբ, այդ թվում` մի քանի ճակատներում` թե՛ զորքերի կառավարման գծով օգնության, թե՛ զինտեխնիկայի մատակարարման ու կառավարման, մասնավորապես` օդուժի, հակաօդային պաշտպանության, թե՛ արցախյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման հարցում»,- ասաց նա։
Դեէսկալացիային վնասող գործողություն. ԱԳՆ–ն` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
Սպառնալիքներն առավել ակնհայտ են դառնում, երբ թուրք-ադրբեջանական վարժանքներն անցկացվում են Արցախից բռնազավթված տարածքներում` Հայաստանի քթի տակ։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ մինչ զորավարժությունները Քաշաթաղի և Քարվաճառի օկուպացված շրջաններից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր և մինչ օրս շարունակում են մնալ ՀՀ բռնազավթված տարածքներում։ 
«Այս զորավարժությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ագրեսիվ կեցվածքը շարունակելու են։ Մյուս կողմից` սրանով Թուրքիան ցույց է տալիս իր ռազմական ներկայությունը ոչ միայն Ադրբեջանում, այլ Արցախի բռնազավթված տարածքներում`մարտահրավեր նետելով ՌԴ-ին և ռուսական խաղաղապահ զորքերին»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով`Ադրբեջանի գործողությունների հիմքում նաև Հայաստանում և Արցախում բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ առաջացնելն է, քանի որ դա բխում է իրենց հիմնական ռազմավարությունից, այն է` Արցախի վերջնական հայաթափումը և ամբողջական բռնազավթումը։
Թուրք–ադրբեջանական զորավարժությունները` ուժի նոր կենտրոնի ստեղծում. ինչ պիտի անի Հայաստանը
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք: Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել: