ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբեր - Sputnik. Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական հանդիպումը Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև կայանալու է այսօր՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
Ֆուտբոլային չափորոշիչներով Լիխտենշտեյնի հավաքականը «գաճաճների» շարքին է դասվում։ Սակայն տարիների ընթացքում ակնհայտ հետնապահից Լխտենշտեյնի կոմսության թիմը վերածվել է «ամուր ընկույզ» համարվող հավաքականի, որին հաղթելը հեշտ գործ չէ։ Գերմանիայի հավաքականի և անգլիական «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները՝ համեմատելով իր ընտրանու խաղերը Հայաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականների խաղի հետ, նշել է․ «Հայաստանի հավաքականն ավելի շատ ազատ տարածություններ թողեց, քան Լիխտենշտեյնի ընտրանին»։ Այսինքն մեր այսօրվա մրցակիցը ունակ է բավականին լավ պրեսինգ կիրառել։
Աշխարհի 2022 թվականի ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ունենալով բավականին լուրջ առավելություն՝ Լիխտենշտեյնի ընտրանուց կորզեց հաղթանակ Նոա Ֆրոմելտի ինքնագոլի շնորհիվ։ Չնայած նրան, որ մեր թիմը ընդհանուր 26 հարված էր կատարել, միայն վեց անգամ էր մեր ֆուտբոլիստներին հաջողվել դիպուկ գտնվել։ Եթե հետևենք այդ հանդիպման վիճակագրությանը, ապա մեր առավելությունը բացահայտ է եղել, սակայն շատ լավ հիշում ենք, որ տարածքային ու խաղային առավելությունը դեռևս հաղթանակ չէ։
Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ հինգ խաղերից երեքում հաղթանակը Հայաստանի ընտրանուն տրվել է շատ դժվարին ու ծանր պայքարում։ Միայն մեկ խաղում են մերոնք հաղթել խոշոր հաշվով, մյուս երկուսում եղել է նվազագույն առավելություն՝ 2։1 և 1։0։ Այնպես, որ խաղից առաջ մտածել արդեն կայացած հաղթանակի մասին՝ սխալ է։ Ինչպես նշեց խաղի նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Խորեն Բայրամյանը, «խաղադաշտ մեր թիմը պետք է դուրս գա սառը գլխով և տաք սրտով»։
Գերմանիայից կրած ծանր պարտությունը մեր հավաքականին ավելի պետք է մոտիվացնի Լիխտենշտեյնի հետ խաղում։ Մրցակցին թերագնահատելու մասին խոսք լինել չի կարող։ Մենք արդեն դառը փորձ ունենք Մալթայի կամ Ջիբրալթարի հետ Երևանում կայացած խաղերից։
Եվ վերջապես՝ ընտրական խմբում բարձր տեղի մասին մտածելու համար մեր հավաքականին միավորներ են հարկավոր։ Յուրաքանչյուր խաղում միավորների կորուստը աստիճանաբար զրոյական կդարձնի այն հույսերը, որոնք մենք փայփայում էինք ընտրական խմբի երեք խաղերից հետո։
Ստացվում է, որ սեպտեմբերի 8-ին ընտրական J խմբում մեկնարկում է երկրորդ շրջանը։ Եթե մենք այն անցկացնենք թեկուզ այնպես, ինչպես առաջինը, ապա երկրորդ տեղի և փլեյ օֆֆի մասին մտածելը ռեալ կդառնա։ Մնում է, որ մեր մրցակիցներն էլ երկրորդ շրջանը անցկացնեն այնպես, ինչպես առաջինը։ Իսկ եթե ուզում ենք գրավել առաջին տեղ (իսկ դա չուզել հնարավոր չէ), ապա մեկ բացառություն պետք է մտցնել Հայաստան – Գերմանիա պատասխան խաղի արդյունքի մեջ։