ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Խորը վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը»,– գրել է Փիլոյանը։
Նախարարի խոսքով` Զինիչևի անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանն ու մասնագիտությանը հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, որոնք նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն:
«Հավերժ փառք հերոսի հիշատակին»,– եզրափակել է Փիլոյանը:
Հիշեցնենք` այսօր ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը 55 տարեկան հասակում ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտքը կատարելիս՝ միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ փորձելով փրկել ուրիշի կյանքը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը:
Զինիչևը նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին, 2020 թվականին նրան բանակի գեներալի կոչում էր շնորհվել: