ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Տեղեկանում ենք ՊԵԿ–ի պաշտոնական կայքից։
2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 888 մլրդ դրամ, 2019թ-ին՝ 937 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամով կամ 5 %-ով։
ՊԵԿ–ը հայտնում է, որ միաժամանակ աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Նախորդ տարվա վերոհիշյալ ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ դրամ կամ 38%, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ դրամ կամ 57%։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը հայտարարել էր` եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտա։