ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքն` անդրադառնալով Չարչյանի կալանավայրից հիվանդանոց տեղափոխվելու փաստին։
Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր` պրոֆեսորի առողջական վիճակը վատթարացել է և նա «Վարդաշեն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
«Խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն»,–նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։
Միաժամանակ, դաշինքի անդամները կրկին պնդում են, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի:
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։