ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ) ներկայացավ համամասնական ընտրություններին մասնակցելու հայտադիմումով: Կուսակցությունը ներկայացրեց 42 հոգուց բաղկացած ընտրացուցակ։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։ Մինչ այս պաշտոնը նա մի քանի պաշտոն է զբաղեցրել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմում։ Գյումրեցիների խոսքով՝ քաղաքի մաքրությունը նրա ու ծառայության մյուս աշխատակիցների լավ աշխատանքի շնորհիվ է:
Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքը ձևավորվել է 2016 թվականին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։ «Բալասանյան» դաշինքը գլխավորում էր համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը։ Այս ընտրություններին դաշինքը հանդես է գալիս «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն անունով։ Սամվել Բալասանյանը մինչ այս հայտարարել էր, որ ինքը չի մասնակցի ընտրություններին:
Մինչ այս պահը այլ կուսակցություն կամ դաշինք պաշտոնապես ԸԸՀ չի ներկայացել ընտրություններին մասնակցելու նպատակով:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն: