44-օրյա պատերազմից հետո Արցախն ապաքինվում է, սոցիալ-տնտեսական, հոգեբանական, ինչ-որ տեղ նաև աշխարհաքաղաքական առումով ոտքի կանգնելու քայլեր անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի ներկա իրավիճակն այսպես բնութագրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Ծանր պատերազմից հետո Արցախի առջև բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնք ըստ առաջնահերթությունների և բարդության աստիճանի սպասում են իրենց լուծմանը։ Դավիթ Բաբայանի խոսքով` այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի եռանախագահության շրջանակում։
«Վերջնական կարգավորում, կարգավիճակ. սա մեծ ջանքեր է պահանջում, շատ ժամանակատար և աշխատատար գործընթաց է։ Բայց կան նաև ոչ պակաս կարևոր հարցեր` մարդասիրական` բազմաթիվ մարդկանց ճակատագրեր դեռ անորոշ են, տարբեր խնդիրներ կան, որոնք ևս լուծում են պահանջում, պետք է պարզապես սկսել։ Այսինքն` մեզ սպասում է երկարատև գործընթաց, և մենք պետք է շարունակենք այդ գործընթացը»,- ասաց նա։
Ու թեև Ալիևը շարունակում է պնդել, թե Ղարաբաղյան խնդիրը լուծված է, սակայն պաշտոնական Ադրբեջանի տեսակետը չի համընկնում հայկական կողմի դիրքորոշման հետ։
«Ադրբեջանը հայտարարում է, որ չկա Ղարաբաղյան խնդիր, որ ամեն ինչ լուծված է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Մենք ասում ենք, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Եվ մենք տեսնում ենք խնդրի կարգավորման պատրաստակամություն Մինսկի խմբի համանախագահության, ՌԴ կողմից»,- նշեց նա։
Բաբայանի խոսքով` տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում կարևոր դերակատարում ունի Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, և միայն հակամարտության կարգավորման դեպքում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում կարելի է ավարտված համարել։
«Եթե Ադրբեջանը 2025-ին պատրաստ լինի համապարփակ կարգավորման, միգուցե խաղաղապահների առաքելությունը կարելի է ավարտված համարել։ Հակառակ դեպքում` 2 սցենար կարող է լինել`կա՛մ նոր լայնածավալ պատերազմ` կոտորած, բազմաթիվ մարդկային զոհեր, կա՛մ պարզապես արցախահայությունը պետք է լքի իր տարածքը։ Նման զարգացում հնարավոր է նաև, եթե Ադրբեջանը փորձի պնդել և միջազգային հանրությունը որոշի, որ լավագույն տարբերակը կարգավորման Ադրբեջանի կազմում լինելն է»,- հավելեց Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք ստորև։