Վճռաբեկը կալանքի չի տանի «Պատրոն Դավոյին». «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ մատուցած Դավիթ Գալստյանի համար բարեխոսել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») ազատ արձակելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետևից գնալու են ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների»,– գրում է թերթը:
Նույն պարբերականն ավելի վաղ գրել էր, որ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» ազատ արձակումն ամենևին պատահական չէր. նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առուվաճառքի պետպատվերի շրջանակում:
Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից և ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՊՆ–ին 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով:
«Պատրոն Դավոյի» գործով պաշտոնյաներ են հարցաքննվել. «Ժողովուրդ»