ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելած ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմն իրականացնում է ուխտավորների անվտանգության ապահովման խնդիրը։ Ուխտավորները գալիս են ինչպես կենտրոնացված շարասյան կազմում, այնպես էլ անձնական ավտոտրանսպորտով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը։
Российский миротворец у монастырского комплекса Амарас
© Photo : Минобороны России
Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովել են նաև եկեղեցական արարողության ժամանակ:
«Մենք եկել ենք Հայաստանից։ Շատ էինք ուզում գալ, բայց վախ կար։ Շնորհակալություն խաղաղապահներին, որ մենք կարողացանք հանգիստ գալ այստեղ։ Խաղաղապահները մեզ շատ հարգանքով են վերաբերվում։ Շնորհակալություն։ Մենք հանգիստ անցանք ամբողջ ճանապարհը, պարզապես բարոյապես էր մեզ համար դժվար։ Բայց մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, և դա մեզ հանգստացնում է։ Նրանք շատ մեծահոգի են և նույնիսկ հայերեն հարցրին մեր ինքնազգացողության մասին։ Շնորհակալություն նրանց այս ամենի համար», - պատմել է ուխտավոր Գայանե Մխիթարյանը։
Ամարասի վանքի սարկավագ Վիլեն Գրիգորյանն էլ վստահեցրել է, որ անվտանգության հարցը լուծվել է խաղաղապահների շնորհիվ։
Российский миротворец у монастырского комплекса Амарас
© Photo : Минобороны России
«Ես գրեթե ապրում եմ այստեղ, ուխտավորներ են գալիս տարբեր վայրերից։ Ամեն դեպքում Ռուսաստանը միշտ մեր կողքին է եղել։ Տեսնելով ռուսական դրոշները՝ մենք մեզ ազատ ենք զգում, զգում ենք բարեկամությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը», - ասել է նա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: