ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. 2021-ի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»): Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Այն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ 2021թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում։ Գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարվա հիմնական թեմաները վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ:
«Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:
Նպատակ ունենալով ընդլայնել գագաթնաժողովի աշխարհագրությունը և բացահայտել նոր գաղափարներ ու հնարավորություններ՝ «Մտքերի գագաթնաժողովն» այս տարի կանցկացվի մի քանի երկրներում:
2021թ. սեպտեմբերին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կքննարկվեն համաշխարհային հիմնական մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիա, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հավանական ազդեցությունը ներդրումային ու բիզնես որոշումների վրա:
Հոկտեմբերին գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում, իսկ նոյեմբերին՝ Կանադայում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի գագաթնաժողովը տեղի կունենա նաև Միացյալ Նահանգներում:
Առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողովը» («Armenian Summit of Minds»), որն անցկացվեց 2019-ին Դիլիջանում, բավականին դրական արձագանքներ ունեցավ: Մասնակիցների թվում էին անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական ու պետական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից:
Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը» 2020 թվականին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվեց հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձան Ադրբեջանի ռազմական ագրեսիային: