«Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ». Փաշինյանը հրաժեշտ է տվել Ֆրանսիայի դեսպանին

Ժոնաթան Լաքոտն ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և՛ ծանր, և՛ երջանիկ պահերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԼՂ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը
Փաշինյանը նշել է, որ Լաքոտի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում:
ՀՀ վարչապետն արձանագրել է, որ այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունեցել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, այլև երկկողմ փոխգործակցությունը դարձել է առավել սերտ:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար առկա են լայն հնարավորություններ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը, ինչը հիմնված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:
Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ Փաշինյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում համավարակով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված դժվարությունները հնարավորություն չեն տվել մեր երկրին կազմակերպության շրջանակում գործել ակտիվ, սակայն վստահություն է հայտնել, որ առաջիկայում կազմակերպության շրջանակում համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և սերտ:
«Այս բոլոր դժվարությունները չեն մթագնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և դրանում պետք է ընդգծել Ձեր անձնական ներդրումը: Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ և ուրախ կլինենք հետագայում ևս Ձեզ տեսնել մեր երկրում»,- ասել է վարչապետը՝ Ժոնաթան Լաքոտին մաղթելով հաջողություններ:
Լաքոտը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականների համար և նշել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և՛ ծանր, և՛ երջանիկ պահերով:
«Հուզիչ հիշողություններ ունեմ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել»,- ասել է դեսպանը:
Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին և հետագա աշխատանքներին:
Հիշեցնենք` Ժոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր նշանակվել 2017թ.–ի սեպտեմբերի 11–ին։
Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Անն Լույոն։