Աննա Դանիբեկյանը չի կարողանում ցույց չտալ իմ նկատմամբ հակակրանքը. Արմեն Գևորգյանի պաշտպան

Արմեն Գևորգյանի պաշտպանի խոսքով` դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կան ճնշումներ ու ուղղորդումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարողանում կառավարել իր զգացմունքները։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` Գևորգյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հեռանալուց հետո։
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի պաշտպանում Գևորգյանի շահերը դատարանում: Էրիկ Ալեքսանյանն այս որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո:
«Նա չի կարողանում ցույց չտալ իր հակակրանքը իմ նկատմամբ, անջատում է խոսափողը, չի լսում։ Ակնհայտ բացասական վերաբերմունք ունի վստահորդ Արմեն Գևորգյանի հանդեպ։ Եթե նա կարծում է, որ պետք է իմ վստահորդի շահերը խախտի, ես էլ լռեմ, դա հնարավոր չէ», – ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` իր և դատավորի միջև ձևավորվել են անձնական վատ հարաբերություններ, այդ իսկ պատճառով Ալեքսանյանը հնարավոր չի համարում պաշտպանել Գևորգյանի շահերը այս վարույթի շրջանակում։
Արմեն Գևորգյանի պաշտպանը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին
«Բայց ես շարունակում եմ պաշտպանել Գևորգյանի և նրա ընտանիքի շահերը այլ վարույթներում», – ասաց նա։
Գևորգյանի պաշտպանի խոսքով` դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կան ճնշումներ ու ուղղորդումներ։
Հիշեցնենք` սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կաշառք ստանալու մեղադրանքը և Արմեն Գևորգյանի հանդեպ փողերի լվացման մեղադրանքը։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։