Սեպտեմբերի 6-ին՝ 88 տարեկանում մահացավ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն՝ Բեբելը։ Այդ մականունով էին նրան դիմում ոչ միայն մտերիմները, այլև բոլոր ֆրանսիացիները։ «Ազգային ձեռքբերում». այսպես է դերասանին անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը սկսվել է 1950 թվականին՝ Փարիզում: Նրա առաջին կինոդերը եղել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում (արքայազնի դերը): Սակայն Բելմոնդոն ճանաչում և փառք գտավ տասը տարի անց միայն` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտած «Վերջին շնչով» ֆիլմից հետո:
1970-ական թվականներին Բելմոնդոն նկարահանվում էր մարտաֆիլմերում և կատակերգություններում: Ֆիլմերի գրեթե բոլոր հնարքները նա ինքն էր կատարում («Հիանալին», «Հրեշը», «Վարպետների վարպետը», «Պրոֆեսիոնալ»): Անփոխարինելի ժպիտով պատանի խռովարարի կերպարը եվրոպական երիտասարդության համար նմանակելու առարկա էր դարձել:
Դերասանը հաջողությամբ մասնակցել է նաև թատերական բեմադրությունների: 1991 թվականին Ժան Պոլ Բելմոդնոն ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:
2015 թվականին Բելմոնդոն ավարտել է կարիերան։
20-րդ դարի կինոյի լեգենդի վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ Փարիզի Հաշմանդամների տանը։