Դեէսկալացիային վնասող գործողություն. ԱԳՆ–ն` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ խնդրանքով անդրադարձել է Լաչինի միջանցքի մերձակայքում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին` այն գնահատելով որպես դեէսկալացիային վնասող գործողություն։
Թուրք–ադրբեջանական զորավարժությունները` ուժի նոր կենտրոնի ստեղծում. ինչ պիտի անի Հայաստանը
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։
Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Էրդողանն ուզում է նոր սահմանադրությամբ Թուրքիային «բարձրագույն լիգա» մտցնել. կկարողանա՞
Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք: Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել: