ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փոխվարչապետն արտահայտել է իր գոհունակությունը ԵԱԶԲ-ի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար և հաջողությամբ իրականացնելու համար։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համատեղ աշխատանքն ու ներդրած ջանքերը հաջող հեռանկարներ են բացում տնտեսության զարգացման համար։ Նա հավելել է, որ ԵԱԶԲ-ն հետաքրքրված է առաջիկա 5 տարիներին Հայաստանի պորտֆելն էականորեն ավելացնելու հարցում՝ լրջորեն դիտարկելով տնտեսական ներդրումների հնարավորությունները։
Կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությունները՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտային ծրագրերին։
Անդրադարձ է կատարվել թվային ոլորտի, ֆինանսական շուկայի, ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհաշինության, երկաթուղային կարողությունների թարմացման ու զարգացման հեռանկարներին։
Որպես հայ-ռուսական պլատֆորմային գործակցության առաջին և հաջող օրինակ՝ մատնանշվել է «Ճամփորդիր առանց Covid-19–ի» հավելվածի ստեղծումը, գործարկումն ու ընդլայնումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համագործակցության նոր ուղիները, դրանցում պետություն-մասնավոր ձևաչափի օգտագործման հնարավորությունը: