ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվելուց մինչ օրս ղեկավարում էր Ռուստամ Մուրադովը։