ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհի 2022 թվականի ընտրական հանդիպումը Գերմանիայի և Հայաստանի հավաքականների միջև Շտուտգարտում ավարտվեց Բունդեսթիմի հաղթանակով՝ 6։0 հաշվով։
Ֆուտբոլում շատ հաճախ մրցող կողմերը փորձում են գուշակել միմյանց մարտավարությունն ու հնարավորությունները։ Այն, որ Գերմանիայի հավաքականը խաղի սկզբից ճնշում է գործադրելու մեր դարպասի ուղղությամբ՝ սպասելի էր անշուշտ, և Կապառոսն ու թիմը ամենայն հավանականությամբ դա գիտակցում էին։ Բայց դիմագրավել գերմանական «մեքենային», նույնիսկ սպասելով այդ ճնշմանը, մերոնք չկարողացան։ Խաղի մեկնարկից արդեն 15 րոպե անց մեր ընտրանին պարտվում էր 0։2 հաշվով։ Բաց թողած արագ գոլերն առաջին հերթին ազդում են թիմի հոգեբանության վրա։ Հայաստանի հավաքականը ինչ-որ ընկճված տեսք ուներ։ Մեր ֆուտբոլիստները փորձում էին պայքարել յուրաքանչյուր գնդակի համար, փորձում էին լավ պաշտպանվել ու արագ դուրս գալ հակահարձակման։ Բայց Սերժ Գնաբրիի երկու գոլերը խաղի հենց սկզբից հաստատեցին այս մրցավեճում հաղթողի հավակնորդ թիմին։
Հաճելի էր լսել, որ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենայում» երբեմն հնչում էր «Հայաստան, հուպ տուր» կոչը, բայց գերմանացիները տիրում էին նախաձեռնությանն ու գերազանցում մերոնց խաղի բոլոր կանոններով։ Դաշտի տերերը շատ հանգիստ ու արագ անցնում էին խաղադաշտի կենտրոնն ու արդեն մեր կիսադաշտում սկսում սպառնալիքներ ստեղծել։ Երբեմն մերոնք ենթարկվում էին պրեսինգի սեփական տուգանային հրապարակի մատույցներում, ու դա հանգեցնում էր հայ ֆուտբոլիստների սխալներին։ Թոփ հավաքականի հետ խաղում մերոնց խաղը խամրել էր։ Իսկ առաջին կեսի վերջնական հաշիվը ապացուցեց, թե որ թիմն է այս տուրից հետո գլխավորելու մրցաշարային աղյուսակը։
Երկրորդ խաղակեսը դարձավ առաջինի տրամաբանական շարունակությունը։ Եվ այն մեր օգտին չէր։ Հանդ Դիտել Ֆլիկի թիմը մինչև ընդմիջում լուծելով խաղի ելքը՝ էլ ավելի վստահ ու հանգիստ էր գործում։ Այս խաղին հետևելով՝ ևս մեկ անգամ զարմանալի էր թվում, թե ինչպես է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը հաղթել Գերմանիայի ընտրանուն, այն էլ Գերմանիայում։
Հաջորդ հանդիպումը աշխարհի 2022 թվականի ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը մեր ընտրանին Երևանում հյուրընկալելու է Լիխտենշտեյնի հավաքականին։