Ժամանակակից արվեստի հարյուրավոր սիրահարներ արդեն հասցրել են այցելել նյույորքցի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ստուդիա, որն օգոստոսի վերջին բացել է իր դռներն այցելուների համար: Tigran Art Studio-ն գտնվում է Ձորաղբյուր գյուղում։
Արվեստանոց-ստուդիան, որի դիզայնն արված է մինիմալիստական ոճով ու հստակ երկրաչափական գծերով, խիստ տարբերվում է այն պատկերասրահներից ու թանգարաններից, որոնց սովոր են Հայաստանում։
Նկարիչը խոստովանում է, որ նման տուն-ստուդիայի գաղափարը ծագել է մոտ չորս տարի առաջ։
«Ճիշտ է, համավարակը որոշ ժամանակով ընդհատել է գործընթացը։ Բայց հիմա ստուդիան գործում է, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք 2020 թվականին Հայաստանում տեղի ունեցած ծանր իրադարձությունները չեն ստիպել հրաժարվել այդ մտահղացումից, Տիգրանը պատասխանում է, որ ոչ մի վայրկյան չի տատանվել։
Выставка работ нью-йоркского художника Тиграна Дзитохцяна в его студии-мастерской в Дзорагбюре
© Sputnik / Asatur Yesayants
«Երբեք նման մտքեր չեմ ունեցել, ընդհակառակը ... ես մտածեցի` ի՞նչ կարող եմ անել որպես նկարիչ։ Արվեստի ոլորտում Երևանում և Հայաստանում, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան պասիվ էր։ Զգում էի, որ այստեղ ինչ-որ հուսահատություն, ճնշվածություն է տիրում։ Որոշվեց ստեղծել այդ հարթակը, որն ինչ–որ նոր բան կդառնա... Դա կլինի ոչ միայն արվեստանոց, որտեղ կարելի է տեսնել իմ աշխատանքները, այլ այն վայրը, որտեղ կարելի է գալ և հայտնվել այլ իրականության մեջ, էներգիա ստանալ։ Կարծում եմ, որ նման հարթակ հատկապես պետք է երիտասարդներին, որոնք կկարողանան այս ամենի մեջ ապագա տեսնել», - ասաց Տիգրանը։
Выставка работ нью-йоркского художника Тиграна Дзитохцяна в его студии-мастерской в Дзорагбюре
© Sputnik / Asatur Yesayants
Նկարիչը կարծում է, որ ամենակարևորը կայծ տալն է, իսկ հետո կրակն ավելի հեշտ կլինի պահպանել։ Եվ այդ կայծը, նրա կարծիքով, պետք է դրսից լինի։
«Ստուդիան ամեն շաբաթ օր բաց է, անկախ նրանից՝ ես այստեղ եմ, թե ոչ։ Եթե համավարակի ընթացքում ցուցահանդեսները թույլատրվեն, ապա պետք է նոր նկարներ բերել, որ ցուցադրությունը ժամանակ առ ժամանակ փոխվի», - ասաց Տիգրանը։
Выставка работ нью-йоркского художника Тиграна Дзитохцяна в его студии-мастерской в Дзорагбюре
© Sputnik / Asatur Yesayants
Ի դեպ, կինոդիտումների համար նախատեսված սրահ-ստուդիան բաց է բոլորի համար, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը համակարգող արվեստաբան Արմեն Եսայանցը նշեց, որ նման արտ-հարթակը բոլորովին նոր բան է հայկական իրականության համար։ Բացի այդ, արվեստանոցի դիզայնը (ճարտարապետ Արսեն Կարապետյանի կողմից) լիովին համապատասխանում է Տիգրան Ձիթողցյանի արվեստին։
«Նման ցուցահանդեսները զուրկ են թանգարաններին հատուկ պաթոսից։ Մթնոլորտն այստեղ ավելի անկաշկանդ, հանգիստ է, նկարչի հետ անմիջական շփվելու հնարավորություն կա։ Այս ստուդիան հետագայում կարող է դառնալ մեծ նախագծերի, պերֆորմանսների կենտրոն... այն նոր շունչ է բերում ոչ միայն Երևանի, այլև ընդհանրապես Հայաստանի արվեստի ոլորտում», - ասաց նա։
Ի դեպ, այս տարվա մայիսին հայ նկարչի հայտնի «Հայելիներ» շարքի աշխատանքներից մեկը ցուցադրվել է Նյու Յորքի խոշորագույն արվեստի տոնավաճառի՝ Cube Art Fair-ի գլխավոր տաղավարում։
Տիգրանը ծնունդով Երևանից է, բայց սերում է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) Ձիթողցյաններից։ 2000-ականներին գնացել է Շվեյցարիա սովորելու, սակայն հետագայում տեղափոխվել է Ամերիկա, որտեղ մինչ օրս ապրում և ստեղծագործում է։
Իր ստեղծագործությունն ինքը` նկարիչը, բնութագրում է որպես տեխնոլոգիական վերածնունդ, որը նոր ուղղություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև համաշխարհային արվեստում։
Հիշեցնենք` «Հայելի» շարքի մասին, որն արդեն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, ինչպես նաև կյանքի ու արվեստի իր տեսլականի մասին Տիգրանն ավելի վաղ խոսել էր Sputnik Արմենիային տված հարցազրույցում։