ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր ավարտվեց Գյումրիում մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի սպանության գործով դատական նիստը: Դատարանը` նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, վճռեց երեխայի մորը՝ 22–ամյա Անի Աշոտի Մինասյանին, մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամկետով։
«Անի Մինասյանի նկատմամբ ընդունված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,-իր խոսքում նշեց դատավորը` հավելելով, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարանում 1 ամսվա ընթացքում։
Դատարանի դահլիճում մայրը հրաժարվեց իրեն հատկացված վերջին խոսքի իրավունքից:
Հիշեցնենք` 2019–ի օգոստոսի 31–ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ 1 տարեկան երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին կիսաշրջազգեստ փաթաթել, հետո երեխային տեղափոխել ու դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով: