ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը ռազմական գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման բարելավումն է: Զորավարժություններն ուղղված են նաև հրամանատարների ռազմական որոշումների կայացման ու ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք:
«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին Արցախի օկուպացված տարածքներում: Մենք սա դիտարկում ենք որպես նոր մարտահրավերներ և հաշվի ենք առնում այս նոր իրողությունները մեր քաղաքականությունը կառուցելիս», - Sputnik Արմենիային ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել: