Արտո Չաքմաքչյանի երազանքը կկատարվի հետմահու. «Քայլող մարդը» կտեղադրվի Երևանում

Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի` Երևանում որևէ քանդակ ունենալու երազանքն Անկախության օրը կիրականանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում արդեն իսկ կանգնած կլինի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը։
Անսովոր քանդակներ. ճապոնացին գլուխգործոցներ է ստեղծում ստվարաթղթե տուփերից․ ֆոտոշարք
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
Դեռ 2019-ի դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշվեց` քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում։
«Արձանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են դեռ նախորդ տարի` սահմանված ժամկետներում։ Սակայն, հաշվի առնելով նախորդ տարի տեղի ունեցած դեպքերը` կորոնավիրուս և պատերազմ, տեղադրման աշխատանքները հետաձգվեցին»,–ասաց Մարաբյանը։
Նրա խոսքով` հիմա վերջնական աշխատանքներն են տանում, և քանդակի տեղադրման աշխատանքները նախատեսվում են ավարտել սեպտեմբերի 21-ին ընդառաջ` Անկախության տոնի շրջանակներում։
Скульптура «Шагающий человек», автор А. Чакмакчян
«Քայլող մարդը»
Քանդակի ձուլման համար պետությունը 37 մլն դրամ է հատկացրել։ «Քայլող մարդը» կլինի բրոնզաձույլ` 3.8 մետր բարձրությամբ, այն ձուլել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը։ Չաքմաքչյանի ընտանիքը տվել է իր համաձայնությունը, և հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Մարաբյանը նշեց նաև, որ Արտո Չաքմաքչյանի կինը` տիկին Նաիրին, այս պահին Հայաստանում է, և բացման արարողությանը հնարավորության դեպքում նա էլ ներկա կլինի։
Երկու ամսվա ընթացքում Շուշիի Քանդակների պուրակից 51 քանդակ է հանվել. լուսանկարներ
Նշենք, որ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Նա միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում։
Հիշեցնենք, որ Չաքմաքչյանը կյանքից հեռացել  է 2019-ի հոկտեմբերի 1-ին 86 տարեկանում։