ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Բացի այդ, Դավթյանը Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Նշենք, որ լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը։
Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքներով երկրորդ տեղը կիսեցին Չինաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Երրորդ տեղը զբաղեցրել են Բելառուսի հետախույզները:
2021 թվականի «Միջազգային բանակային խաղերն» անցկացվում են 11 պետությունների տարածքում (Ռուսաստան, Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան):
Ընդհանուր առմամբ, «ԱրՄԻ–2021»-ի մրցույթներին մասնակցում էր ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրների 277 թիմերի կազմում:
Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը։