Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս խաղողագործների խնդիրները չեն լուծվել: Բերքահավաքի շեմին նրանք կանգնած են լրջագույն դժվարությունների առաջ՝ չգիտեն՝ որտեղ բերքն իրացնեն, ինչ գնով ու ինչ ժամկետներում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
«Եթե գարնանը վերամշակող ձեռնարկությունները խաղողագործների հետ պայմանագիր չեն կնքել, պայմանագրի մեջ չի նշվել՝ քանի կգ, ինչ սորտի, ինչ գնով պետք է մթերեն, բերքահավաքի օրերը չի հայտարարվում, ի՞նչ խնդրի լուծման մասին է խոսքը, դրանով խնդիր են լուծո՞ւմ»,- ասաց նա:
Կառավարության նախորդ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունենա, Սարգսյանը պոպուլիստական է որակում: Գործադիրի ղեկավարին ու ոլորտի պատասխանատուներին հիշեցնում է հեղափոխական իշխանավորների տված խոստումները, որոնք 3 տարի է անկատար են թողել:
«Դա պոպուլիստական հայտարարություն է՝ ժողովրդին խաբեու, մոլորեցնելու համար: Իրենք խաբեությամբ են զբաղված: Այսօրվա իշխանավորներն էն գլխից խոստանում էին, որ խաղողի հարցը կլուծվի, բա ի՞նչ եղավ»,- նշեց Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ իշխանության գալուց առաջ հեղափոխականները խաղողագործներին հավաստիացնում էին, թե կվերացնեն դրսից ներկրված սպիրտով կոնյակ, գինի, լիկյոր արտադրելու նակինների ձևավորած արատավոր երևույթը, կկրկնապատկեն խաղողի մթերման գները, մթերողներն էլ կչոքեն գյուղացիների դուռը, բայց հեղափոխությունից ոչինչ չի փոխվել: Գյուղացիներն իրենք են չոքում վերամշակողների դռանը, ճամփա փակում, որ բերքը գոնե 110 դրամով մթերեն:
«Ասում էին՝ խաղողի գինը կդառնա 250-270 դրամ։ Այդ նույն մարդիկ, որ ասում էին՝ կգան ձեր դուռը կչոքեն, ձեզ հետ պայմանագիր կկնքեն, այսօր իշխանության նստած են, իրենք են այդ լծակներին տիրապետում, իրենք պետք է այդ հարցը լուծեն: Միայն Երևանի կոնյակի գործարանն է, որ ունի բազմամյա և կարճաժամկետ պայմանագրային պարտավորություններ գյուղացիական տնտեսությունների և խաղողագործների հետ, մթերման գինն էլ ֆիքսված է` 155 դրամ»,- ընդգծեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մյուս վերամշակող ձեռնարկությունները կա՛մ ինքնարժեքից ցածր գնով և քիչ քանակությամբ են խաղող մթերում, կա՛մ դրսից բերված հումքով աշխատում և միլիոններ են աշխատում, պետությունն էլ աչք է փակում, չի հարցնում՝ եթե մթերում չի իրականացվել, որտեղի՞ց է ձեռնարկությունն այդ քանակությամբ շշալցում և վաճառք իրականացրել:
Սարգսյանի կարծիքով՝ եթե կառավարությունը շարունակի նույնպիսի անտարբերություն ցուցաբերել, չստեղծի փոխշահավետ մրցակցային պայմաններ և դաշտը իրավական կարգավորում չստանա՝ կարճ ժամանակ հետո խաղողագործությունը Հայաստանում կվերանա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ Հայաստանում չեն լինի, գյուղացիներն էլ ճանապարհ չեն փակի, սակայնօրերս Փոքր Վեդի, Լուսաբաց, Տափերական և Արարատի մարզի այլ բնակավայրերի խաղաղագործները փակել էին Երևան– Արարատ ավտոճանապարհը:
Նրանք դժգոհում էին խաղողի մթերման գնից: Մարզպետարանից խոստացել են լուծել խնդիրը, որից հետո խաղողագործները բացել են ճանապարհը: