Նման իրավիճակ 30 տարվա մեջ չի եղել. Ստեփանակերտում ջրի խնդրի լուծումը «երկնքից է կախված»

Գագիկ Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Արցախի «Ջրմուղկոյուղին» ռուս խաղաղապահների օգնությամբ մեքենաներով ջուր է հասցնում Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերի բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Արցախում ջրի խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Տեղումների բացակայության հետևանքով գետերը ցամաքել են, բնակիչների 25-30 տոկոսը մնացել է առանց ջրի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը:
«Ստեփանակերտը սնուցող վերգետնյա գետերիից մեկը լրիվ չորացած է, մյուս երկու գետերն այս պահին տալիս են 10 լիտր/վայրկյան ջուր: Իսկ այն գետը, որը մոտ 95-100 լիտր/վայրկյան ջուր էր բաց թողնում, այս պահին 30լիտր/վայրկյան է ջուր գալիս»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ արդեն 53 օր է, ինչ Ստեփանակերտում տեղումներ չեն գրանցվել։ Բացի այդ՝ պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքում բնակչության թիվն ավելացել է 13-15.000-ով։ Այս օրերին Արցախի «Ջրմուղկոյուղին» ռուս խաղաղապահների օգնությամբ մեքենաներով ջուր են հասցնում Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերի բնակիչներին։
«Առանց նրանց չէինք կարողանա գոյատևել». խաղաղապահները խմելու ջուր են հասցրել արցախցիներին
«26 պոլիէթիլենային «բաքեր» ենք տեղադրել այդ տարածքներում բազմաբնակարան շենքերի ու սեփական տների մերձակայքում, 24-ժամյա աշխատանքային ռեժիմով այդ բաքերը լիցքավորում ենք, որ բնակչությունը կարողանա այդտեղից ջուր վերցնել»,- նժեց «Ջրմուղկոյուղու» տնօրենը։
Նա նշեց՝ սա այն եզակի դեպքերից է, երբ ադրբեջանցիներին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Քաղաքի ջրամատակարարումը 4-5 ժամում կկարգավորվի, եթե օդի ջերմաստիճանը նվազի ու տեղումներ սկսվեն:
Ինչու Ստեփանակերտի որոշ թաղամասերում ծորակներից շուրջ 10 օր ոչ մի կաթիլ ջուր չի հոսել
«Նման իրավիճակ 30 տարվա մեջ երբևիցե չի եղել, որ այսքան ժամանակ անձրևներ չլինեն: Սա ընդհանուր անոմալիա է, ընդհանուր տաքացումների հետ է կապված: Մեր օդերևութաբանների կանխատեսումներով՝ 2020-21 թթ. տեղումները պետք է լիներ մոտ 400-450 մմ, այս տարի եղել է 200 մմ, այսինքն` 250 մմ-ով նվազել է տեղումների քանակը, իսկ 200 մմ-ն անապատի կլիմային է մոտ»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում դեռևս օգոստոսից ջրի խնդրի է առաջացել:
Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ խնդրի պատճառն Ադրբեջանն է, սակայն թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛  ոլորտի պատասխանատուները հերքում են այդ տեղեկությունը:
Կառավարության որոշմամբ Արցախին 13.4 մլրդ դրամ տրամադրվեց. ինչի՞ն կուղղվի այդ գումարը