ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Քնի տևողությունն ազդում է ուղեղի առողջության վրա, հատկապես տարեցների մոտ։Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սթենֆորդի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Neurology-ում: Հետազոտության մասնակցել են շուրջ 70 տարեկան ավելի քան 4 հազար մարդ:
Ընդ որում՝ հավասարապես վնասակար է քիչ ու շատ քնելը։ Քնի խանգարումները բացասաբար են անդրադառնում ինչ-որ նոր բան ընկալելու, առողջ դատելու, տարբեր խնդիրներ ու առաջադրանքներ լուծելու, որոշումներ կայացնելու, տվյալներն արագ ու երկար հիշելու և ուշադրությունը պահելու` մարդու ունակության վրա: Եթե քունն ինչ-ինչ պատճառներով խախտված է` դեմենցիայի, դեպրեսիայի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ կա։
«Նրանք, ովքեր գիշերը քնում էին վեց ժամ կամ պակաս, ունեցել են բետա-ամիլոիդի բարձր մակարդակ, ինչը մեծացնում է դեմենցիայի վտանգը», - ասել է Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող, հետազոտության հեղինակ Ջո Վիները:
Տարեց մարդիկ, որոնք քիչ են քնում, կողմնորոշման, ուշադրության, հիշողության և տարածական կողմնորոշման խնդիրներ են ունենում։
Գիտնականները պարզել են, որ չափազանց երկար քունը կապված է ճանաչողական ֆունկցիաների վատթարացման հետ, սակայն անկողնում ինը կամ ավելի ժամ անցկացնող մարդկանց մոտ բետա-ամիլոիդի բարձր մակարդակ չի հայտնաբերվել:
Հետազոտության մասնակիցները, որոնց քունը գերազանցել է 7-8 ժամվա նորման, շատ ավելի վատ են հաղթահարել թվային նիշերի փոխարինման թեստը:
Հետազոտության շրջանակում նաև պարզվել է, որ կոֆեինը ոչ մի կապ չունի քնի տևողության հետ, իսկ ալկոհոլ խմողները սովորաբար ավելի երկար են քնում:
Պարզվել է նաև, որ կանայք տղամարդկանցից երկար են քնում։