ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 4-ի գիշերը Երևանի Շենգավիթ համայնքում կատարված սպանությունից։
Քննչական մարմինը հայտնում է, որ ոստիկանություն զանգահարել է սպանվածի քույրը, 25-ամյա երիտասարդի մայրը։
Գիշերը, ժամը 02:55-ին նա նախ ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ զենքով հարձակվել են իրենց տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, հայտնել, որ իրենց տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդուն սպանել է քրոջ որդին` «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից 2 անգամ կրակելով նրա ուղղությամբ։
Պարզվել է նաև, որ քույր ու եղբայր հարևաններ են, բնակվում են մի բակում։
Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորը սպանելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, հրազենի ձեռքբերման աղբյուրը և օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Ինչպես արդեն հայտնել էինք, վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալը՝ Աշոտ Մկրտչյանը, իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել իր մորեղբոր` Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։