ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արդեն 13 տարի է` սեպտեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես փրկարարի օր։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազմյան, համաճարակային բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր, առավել քան երբևէ, մեր արածները վերագնահատելու, համակարգի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու, անելիքները և աշխատանքի նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտություն կա: Անցած ճանապարհն՝ ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմական, ցույց է տվել, որ խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք բոլոր իրավիճակներում արժանապատվորեն, անձնվիրաբար և բարձր պատրաստվածությամբ իրականացնել ձեր մարդասիրական առաքելությունը»,–ասված է նախարարի ուղերձում:
Փիլոյանը նշել է, որ դա թույլ է տալիս հպարտությամբ ասել, որ ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ, որն այս տարիների ընթացքում նվաճել է ժողովրդի համակրանքն ու վստահությունը, մեր երկիրը դարձրել է աշխարհին արժանապատվորեն ներկայացող կառույց:
«Անցած և այս տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, ցավոք նաև ողբերգական, որոնց ժամանակ առավելագույնս դրսևորվել են մեր աշխատակիցների մասնագիտական ու քաղաքացիական որակները: Յուրաքանչյուր ժամանակահատված իր հրամայականն ունի, և դա այսօր պատերազմի հետևանքները հաղթահարելու, մեր բնակչությանը աղետներից, անկանխատեսելի արհավիրքներից պաշտպանելու հրամայականն է»,–ասված է ուղերձում:
Նախարարը նկատել է, որ այս օրերին շատ կարևոր է միտքն ու գործը պետք է ծառայեցնել մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, հանրապետության ողջ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացմանն ու համալրմանը, կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունների արդիականացմանը:
Կրկին շնորհավորելով գործընկերներին` նախարարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ կշարունակեն իրականացնել մեր բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: