Սյունիքի ճակատագրի՞ն են արժանացել. ինչո՞ւ է իշխանությունը շտապում Գեղամասարի հարցում

Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին,  ղեկավարում էր դաշինքի տարածքային գրասենյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Չնայած խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն իշխանությունները շարունակում են հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետների նկատմամբ։ Թիրախում հաջորդը Գեղարքունիքի մարզի Գեղամասարի արդեն հայտնի դարձած համայնքապետ Հակոբ Ավետյանն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 
«Իշխանությունը ծրագրում է արդեն խոշորացված Գեղամասար համայնքը կրկին խոշորացման ենթարկել և միավորել Վարդենիս քաղաքին, այն դեպքում, երբ Գեղամասարի կազմում 18 համայնք է ներառված»,–գրում է թերթը։
Հակոբ Ավետյանը, հիշեցնենք, ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին,  ղեկավարում էր դաշինքի տարածքային գրասենյակը։
«Ադրբեջանցիները լուցկի են գցում, հրդեհում մեր խոտն ու հետո ծիծաղում». Սոթքի բնակիչ
Նրա պաշտոնավարման ավարտին մեկ տարի է մնացել, թե ինչու է իշխանությունը շտապում, հայտնի չէ, իսկ Գեղամասարում մարդիկ տագնապալից քննարկումների մեջ են.
«Գուցե մեր մարզն է՞լ է Սյունիքի ճակատագրին արժանացել»,–ըստ թերթի` ասում են նրանք:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերի սահմաններին սադրանքներ անելը թշնամու կողմից շարունակական բնույթ է կրում։
Քաղաքական ղեկավարության խոսքով` խնդիրը կլուծվի դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո։