Ռուսական դիվանագիտության հաջող քայլերից մեկն Արցախում պատերազմը դադարեցնելն էր. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ հաջողությամբ իրականացվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության «հաջող քայլերից» մեկն է անվանել Մոսկվայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելը:
Մոսվկայում ընթացող «Նոր գիտելիք» համաժողովի ժամանակ իր ելույթում Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրել ՝ ուղղված Հարավային Կովկասում պատերազմի դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:
Երևանը պատրաստ է վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները Բաքվի հետ. ՀՀ արտգործնախարար
«Դրանք (պայմանավորվածությունները` խմբ.) այժմ հաջողությամբ իրականացվում են և՛ մեր նախարարության, և՛ պաշտպանության նախարարության, և՛ մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները»,– ասել է Լավրովը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
44–օրյա պատերազմը չհասավ իր նպատակին. ՀՀ նախագահը և վարչապետը շնորհավորել են Արցախի տոնը
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։