Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարժանք է իրականացրել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ. գործի են դրվել ԱԹՍ-ներ և ռոբոտ։ Տեղեկանում ենք ԱԻՆ–ի պաշտոնական կայքից։
«Այսօրվա մեր վարժանքի առանձնահատկություններից մեկն ԱԹՍ-ների կիրառումն է։ Դրանք կարող ենք կիրառել ինչպես երկրաշարժի, այնպես էլ հրդեհների մարման ժամանակ։ Բոլոր իրավիճակներում դրոնների կիրառումը թեթևացնում է մեր աշխատանքը և հնարավորություն է տալիս ավելի կոնկրետ իմանալու իրավիճակը տեղանքում»,–ասում է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշում է, որ այս վարժանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպիսի կարողություններ է ձեռք բերվել: Նրա խոսքով` գործընկերների հետ քննարկման ժամանակ ուրախությամբ և զարմանքով են փաստել` ժամանակի ընթացքում նման մեծ կարողություններ են ձեռք բերվել։
Նշենք, որ ԱԻՆ-ն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով տարվա ամենամեծ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն է անցկացրել: Ներգրավված են եղել փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները:
Փրկարարական աշխատանքները միաժամանակ ծավալվել են մի քանի տեղամասերում: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետախուզական, որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը ներգրավված են եղել 152 փրկարար ծառայողներ, 26 ուսանողներ և 20 միավոր տեխնիկա: