ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում ներդրումների խրախուսման և պաշտպանության արդյունավետ պայմանների ստեղծման գործընթացներում իրավապահ մարմինների դերակատարման մասին է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել Վլադիվոստոկում ընթացող 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
Артур Давтян представляет структуры по продвижению инвестиций и правовой защиты в Армении на 6-м Восточном экономическом форуме
© Photo : The Prosecutor General's office of RA
ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական սերտ կապերը, ապրանքաշրջանառության մեծ ծավալները և հայկական կողմի շահագրգռությունը մեր երկրում արտերկրյա ներդրումների ներգրավման հարցում։
«Ներդրումների խթանումն ու իրավական պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է, որոնց համար ստեղծված են բավարար օրենսդրական ինստիտուցիոնալ պայմաններ։ Այդ համատեքստում իրավապահ մարմիններին վերապահված է իրենց նպատակային գործունեությամբ պոտենցիալ ներդրողների, գործարարների մոտ արդարության, արդարադատության և պաշտպանվածության համոզմունք արմատավորելու առաքելությունը, այդ կերպ վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստելը»,–ասել է Դավթյանը։
Նա ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանում գործող ներդրումների պաշտպանությանը միտված իրավական-օրենսդրական բազան, որը տարիների ընթացքում առավել ինստիտուցիոնալ բնույթ է ստացել՝ ընդգրկելով պետություն-մասնավոր համագործակցության իրավական հարաբերությունների օրենսդրական կարգավորումը։ Այն նաև նպատակ ունի խթանել երկրում ներդրումների պաշտպանության համապատասխան ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծել բարենպաստ միջավայր՝ միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հաջող ծրագրերի իրականացման, խթանման և կառավարման համար:
ՀՀ գլխավոր դատախազը ներդրումների խթանման և ներդրողների իրավունքների պաշտպանության առումով ՀՀ իրավապահ մարմինների, այդ թվում նաև դատախազության դերը կարևորել է առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ առանձնացնելով երկրում իրականացվող համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումները։ Նրա խոսքով` դրանք են` պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ներդրողների գործունեությանը վարչական կամ որևէ այլ ապօրինի, հանցավոր ներազդեցության, միջամտության բացառումը, ինչպես նաև նման դեպքերում մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելության գործուն երաշխիքների ապահովումը։
Կարևորվել է նաև տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացումը, քրեական օրենսգրքում վերջին տարիներին կատարվող բազմաթիվ փոփոխությունները, որոնք միտված են հանցակազմերի պարզեցմանը և որոշակիության ապահովմանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտների համար հնարավորինս կանխատեսելի դարձնեն իրենց արարքները։
Նշված քննարկումից հետո ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ համաժողովի պլենար նիստին։