ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 1,5 հազար բնակչի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երկու շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի մարդասիրական կենտրոնի զինծառայողները կատարել են ավելի քան 30 ուղևորություն և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ապահովել ավելի քան 200 տոննա խմելու ջրով: Մարդասիրական հարցի լուծման համար խաղաղապահներն օգտագործել են 2 ջրատար, յուրաքանչյուրը՝ մոտ 5 խմ ծավալով»,-հայտնել են նախարարությունից։
Գերատեսչությունում նշել են, որ մինչև ջրային կայանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքների ավարտը և Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու շրջաններում խողովակաշարի կառուցումը խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին կապահովեն խմելու ջրով:
«Մենք երկրորդ հարկում ենք ապրում, և այս պահին, քանի որ ջուրը չի հերիքում, մեզ խմելու ջուր է հարկավոր։ Առանց ռուս խաղաղապահների մենք չէինք կարողանա գոյատևել։ Եվ ես կուզեի շնորհակալություն հայտնել նրանց, որ օգնում են մեզ, և այն ամենի համար, ինչ այս պահին անում են մեզ համար։ Խաղաղապահները երաշխիք են մեզ համար, նրանք պաշտպանում են մեր հողերը և հույս ունենք, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի»,- Ստեփանակերտի բնակչուհի Լենա Իզմայիլյանի խոսքերն է մեջբերում նախարարությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: